Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արսեն Դիմաքյան | |
— Երբ որ Մարգար աղա Դիմաքսունովը ասում է կարելի է — հրամանքդ թող չզարմանա:
Որդին մի քանի վայրկյան լռեց, հետո դարձյալ վստահացավ շարունակել յուր հարցերը.
— Այդ Սարիբեկը մեր ի՞նչն է:
— Մորդ եղբոր կնկա եղբոր տղան:
— Նա ձեզ ուղիղ հաշիվ տալի՞ս է:
— Ասելդ ի՞նչ է:
— Ասելս այն է, որ այդ մարդը աչքիս մաքուր չի երևում:
Ծերունին մի ձեռը կռթնեց կողքին, նայեց հեգնական որդու փոքրիկ հասակին կոշիկների ծայրից սկսած մինչև ճակատը և, քթի տակ ծիծաղելով, երեսը հետ դարձրեց:
— Այո՛, այդ մարդը ինձ կասկածելի է թվում, — շարունակեց որդին, գյուղացիներն էլ շատ են գանգատվում:
— Գյուղացիները շա՛ատ են գանգատվում, գյուղացիները...
Հեգնելով որդու բառերը, ծերուհին աթոռը ուղղեց և, երկու ձեռները հենելով ձեռնափայտի կոթին, ավելացրեց.
— Ձեր հրամանքը ճանաչո՞ւմ է այդ ավանակներին:
— Չգիտեմ, միայն այսքանն եմ իմանում, որ Սարիբեկը ձեր անունը արատավորում է:
— Լեզուդ փո՛րդ քաշիր, հայվարա, — գոռաց համառ ծերունին, ձեռնափայտը այնպես ուժգին զարկելով, որ նրա սուր ծայրը մի մատնաչափ անցավ հատակի մեջ, — իմ անունը աշխարհիս երեսին մեկ մարդ է խայտառակ անում, դո՛ւ, դու, իմ հարազատ որդի: Սարիբեկը ազնիվ մարդ է, նա իմ հրամանով քնում է, իմ հրամանով զարթնում, իմ հրամանով ուտում, իմ հրամանով խոսում...
Նա մի փոքր լռեց, եղանակը փոխեց և, ձայնին ծաղրական տոն տալով, ավելացրեց.
— Ամոթ չլինի հարցնելը, հրամանքդ ինչո՞ւ է խառնվում պառավ Մարգարի գործերին: Նա հին մարդ է, գյուղացի է, անուս, դու խոմ փիլիսոփա ես, քինթ ու պռունգիցդ իմաստություն է թափվում:
— Ես ինձ համար չեմ հոգում, այլ ձեր անվան և ձեր շահերի համար:
— Գնա բանի՛դ, չեմ ուզում... հարա՛յ, բիդա՛դ, ջանըմ, չեմ ուզում Էլի, խոմ գլխիս քեզ սուդիա չսարքեցի՞ն, փիե՛...
Նա վեր կացավ տեղից և բարկացած մտավ յուր սենյակը դռները ուժգին զարկելով:
Այնուհետև Արսենը այլևս չէր խոսում նրա հետ գործերի մասին և առհասարակ հոր և որդու մեջ մի առանձին խոսակցություն տեղի չէր ունենում: Սակայն մի օր նա վերջին անգամ փորձեց իմանալ, արդյոք հայրը իսկապես ո՞րքան եկամուտ է ստանում յուր կալվածներից: Ծերունին նույն անփոփոխ կոպտությամբ և հակիրճ պատասխանեց,
«Ես դեռ չեմ մեռնելու, տանջվի՜ ր»:
Հարկավ, այլևս ամեն մի նոր փորձ պետք է անաջող անցներ: Մնում էր բոլորովին լռել, և Արսենը բոլորովին լռեց: Այժմ նրա համար ձանձրալի էր ապրել սառնասիրտ հոր ցուրտ, անհյուրընկալ տանը: Նա ձգտում էր հեռանալ հայրական հարկի տակից, ուր մի ժամանակ այնքան փայփայվել ու շոյշոյվել էր սիրող մոր ձեռքում: Բարի կին, երբեք դու քո որդուն չվիրավորեցիր մի դառն խոսքով: Քո մայրական զգայուն սիրտը մորմոքվում էր, երբ տեսնում էիր, թե ինչպես ծաղրվում է քո միակ արու զավակը նույնիսկ յուր հարազատ հորից: Դժբախտ էիր դու այդ մարդու հետ և քո հրեշտակային լուռ ու համբերատար բնավորությունը միայն դիմանում էր այդ ինքակամք կենակցությանը: Դու անմռունչ հանդուրժում էիր նրա համառ կամքին և միայն քո երկնային անզուգական հեզությունով կարողանում էիր հաղթել մարմարյա սիրտը: Ահա ինչու հարազատ զավակների համար սառած մարդու ժանգ հոգին ջերմություն է զգում քեզ հիշելիս, քո ուրվականը մտաբերելիս: Բայց արդյոք այդ անհաղթելի կամքի ցրտությունը չէ՞ր, որ այնքան վաղ քեզ իջեցրեց գերեզման...
Արսենը տխրում էր անգործության մեջ: Քույրերի սերը միայն փարատում էր նրա թախիծը: Եվ օրվա մեծ մասը նա նրանց մոտ էր անցկացնում, շատ անգամ էլ այնտեղ էր ճաշում և ընթրում: Քաղաքում մեծ հետաքրքրություն էր շարժել նրա գալը: Հասարակությունը խոսում էր ժառանգության մասին, ամենքը նախանձում էին նրան: Մարգար աղայի հարստության մասին գրեթե առասպելական լուրեր էին պտտում: Պատմում էին, թե նա յուր տան ներքնահարկում գիլլած ունե պապերի հավաքած ոսկիները խաների ժամանակից: Ոմանք պնդում էին մինչև անգամ, թե ծերունին գիշերները այդ ոսկիների տոպրակների վրա է քնում, չխնայելով յուր ոսկորները: Իսկ տեղական երիտասարդները, մանավանդ ուսուցիչները, ավելի հետաքրքրված էին Արսենի անձնավորությունով: Շատերը գալիս էին նրա հետ ծանոթանալու: Նա ընդունում էր նրանց յուր քույրերի տանը, չկամենալով զայրացնել հորը, որ թշնամի էր ամեն մի այցելության, ևս առավել երիտասարդների: Նրա քարոզած գաղափարները կազմել էին մի որոշ բանակ: Ուներ նաև հակառակորդներ, որոնք սակայն չէին մոտենում նրան: Կային և այնպիսիները, որ պարծենում էին իրանց հայրենակցի անունով:
Դա մի ախորժելի և անսպասելի նորություն էր Դիմաքսյանի համար: Նրա կյանքի մեջ մտավ մի տեսակ թարմ հոսանք: Նրա տաղտկությունը անցավ, սիրտը զվարթացավ և լցվեց նոր եռանդով: Ուրեմն նրա խոսքը իզուր չէ անցնում, նրա ցանած սերմերը ավազոտ հողի վրա չեն ընկնում: Այնտեղ, ընկերների, գաղափարակիցների շրջանում նրան հալածում են, ծաղրում, վիրավորում: Այստեղ հարգում են, պատվում և ուշադիր են նրա ամեն մի խոսքին:
Ինչո՞ւ ուրեմն հուսահատվել: Թող հալածեն, որքան կամենում են. թող թշնամանան, որքան կարող են: Մազի չափ նա չի շեղվիլ յուր բռնած ընթացքից: Նա հավատարիմ կմնա յուր արմատական գաղափարին — քարոզել ճշմարտությունը ինչ բանի մասին էլ լինի, ուր և լինի, աներկմիտ, անշեղ, աներկյուղ, և մնալ անդրդվելի, ինչպես սեպացած ժայռ ծովի հարատև ալիքների առաջ: Ժողովուրդը կարոտ է անկեղծ քարոզչի, բավական է, որքան նա խարխափեց տգիտության խավարի մեջ:
Իսկ այդ կամակոր ծերունին թող մնա նտւյնպես անհողդողդ յուր քարացած աշխարհում: Կենդանին մեռելների հետ գործ չունե: Թաղ համառը, եթե կամենում է, բոլորովին մինչև անգամ զրկե նրան ժառանգոլթյունից: Նա կարող է առանց փողի, առանց հասարակական դիրքի, քաղցած փորով, դատարկ գրպանով էլ գործել և օգտավետ լինել:
«Չէ՞ որ վեց տարի ուսանող եմ եղել, դարձյալ կապրեմ ինչպես ուսանող»:
Մի քանի անգամ նրան հրավիրեցին այս ու այնտեղ երիտասարդների ժողովներին: Նա հանդիպեց մի քանի առողջամիտ անձանց, խորհուրդ տվեց նրանց կազմել մի շրջան, որի նպատակը լիներ հասարակ ժողովրդի մեջ տարածել գրագիտություն, կարդալու սեր և ժամանակակից գաղափարներ:
Առաջարկությունը ընդունվեց հրճվանքով, կազմվեց մի խումբ գործը գլուխ բերելու համար: Եղան և հակառակորդներ, մանավանդ Վապյան անունով մեկը: Խոշոր կազմվածքով, սև, երկար մազերով, բարակ ձայնով, կապույտ ակնոցներով մի հակակրելի մարդ էր, որ Դիմաքսյանի զզվանքն էր հարուցանում: Հետո նա իմացավ, որ այդ Վապյանը առաջ ուսուցիչ է եղել, իսկ այժմ խանութպան է և գյուղացիներին հարստահարում է: Նա բացարձակ հայտնեց, թե պետք է այդպիսիներին հալածել, և ինքը զզվանքով երես դարձրեց նրանից:
Շուտով նա դարձյալ սկսեց ձանձրանալ և մտադրվեց վերադառնալ Թիֆլիս: Գավառական կյանքը թվում էր նրան միակերպ, տաղտկալի: Այստեղ նրա խոսքը ընդունում էին անպայման, առանց քննելու և հակաճառելու: Իսկ նա արդեն կարոտել էր հակառակորդների հետ մրցելուն: Նրա հոգին զգում էր խոչընդոտների հետ անընդհատ մաքառելու պահանջ: Հարվածել, հարված ստանալ և այնպես հաղթանակ վաստակել — ահա նրա ցանկացածը, նրա սրտի և մտքի կերակուրը: Առանց կռվի նա զգում էր իրան առանց թևերի: Նրա սիրտը կրում էր էլեկտրական զորության միայն մի տարրը յուր մեջ: Հարկավոր էր երկրորդը, արտաքուստ եղած հակառակորդ տարրը, որ, շփվելով միմյանց, նրա հոգու մեջ առաջացնեին լույս և ջերմություն:
Նա ուղևորվեց Թիֆլիս: Հայրը չտվեց նրան յուր օրհնանքը, որովհետև նա չխոնարհվեց նրա առջև, չթեքեց յուր գլուխը կամակոր ծնողի դիմաց: Իսկ ծերունին այդ սպասում էր նրանից: Նա պատրաստ էր ներել որդուն, եթե միայն վերջինը խոստովանվեր, որ սխալված է և միանգամ ընդմիշտ ընդուներ նրա հեղինակությունը: Նա հուսով էր, որ վերջը այդպես էլ կլինի: Բայց չարդարացավ այդ հույսը: Հայրը բաժանվեց որդուց այնքան սառնասիրտ, որքան սառնասիրտ և անբարեհամբույր ընդունել էր նրան վեց ու կես տարի չտեսնելուց հետո:
XIV
Ամառվա ամենաշոգ օրերն էին, երբ Դիմաքսյանը հասավ Թիֆլիս: Նախ և առաջ ուզեց տեսնել Մսերյանին, որին կարոտել էր ավելի, քան մի ուրիշ ընկերոջ:
Իդեալիստը յուր փոքրիկ սենյակի բաց լուսամուտի առջև գիշերային շապիկով նստած թեյ էր խմում, երբ Դիմաքսյանը ներս մտավ: Նա ոտքի թռավ և ուրախ բացականչությունով յուր խոշոր թևերի մեջ առավ ընկերոջը:
— Իսկ ես առանց քեզ տխուր էի: Նստիր ու պատմիր: Ծերունին կենդանի՞ է, առողջացա՞վ: Փառք աստուծո: Բայց ինչո՞ւ այդպես նիհարել ես, երևի, հայրական հացը քեզ չի գալիս: Ասա, եղբայր, ասա, ինչ է անում մեր սիրելի գավառը, չէ՞ որ մեր հույսերը նրա վրա են: Ոչ, ոչ, նախ և առաջ օձի մասին: Ի՞նչ է անում, հանգիստ է՞ր:
— Հանգիստ էր:
— Եվ ուրա՞խ էիր:
— Ո՜չ:
— Ո՞չ:
— Ինձ թվում է այդ օձը որքան էլ տանջե, դարձյալ ինձ կենդանություն տվողը նա է: Մի ամսից ավելի է նա չի կծում իմ սիրտը, և ես, թմրած եմ:
— Կգա ժամանակ, դու հակառակը կասես: Բայց պատմի՛ր, պատմիր:
Դիմաքսյանը հաղորդեց յուր տպավորությունները:
Մսերյանը լսում էր և մերթ ոգևորվում, մերթ տխրում, մերթ ուրախանում, նայելով, թն ընկերը ինչ է պատմում:
— Ուրեմն այնտեղ մարդիկ շատ էլ մեռած չեն, ինչպես կարծում էինք, — գոչեց նա հափշտակվելով, — ուրեմն դարերով թմրած մարմինը կենդանության նշաններ է ցույց տալիս: Տեսնո՞ւմ ես, ասում էի, որ ոչ մի աշխատանք իզուր չէ անցնում: Գործիր, եղբայր, գործիր որքան եռանդ և ուժ ունես: Ինձ մի նայիլ, ես ուրիշ եմ, իմ աշխարհը ահա սրանց մեջ է:
Նա ցույց տվեց սենյակի անկյունում դրած պահարանը, որի տախտակյա հարկերը տնքում էին մեծահատոր գրքերի ծանրության տակ:
Նա պատմեց, որ Դիմաքսյանը գնալուց հետո ինքը տնից շատ չէ դուրս եկել: Տեսնում է, ար մարդիկ նրան չեն հասկանում, շատերը մինչև անգամ ծաղրում են նրան, համարելով դատարկ ֆրազյոր: Է՛հ, երբևէ նա ասե՞լ է, թե օգտակար մարդ է: Միայն չի կարող, չի կարող հաշտվել նյութապաշտության հետ: Իսկ ո՞վ չի նյութապաշտ: Ո՞վ կարող է խելոք համարվել մի մարդու, որ իրան բախտավոր է զգում, երբ ունե գրքեր, ծխախոտ և մի բաժակ թեյ: Բայց միթե գրքերը վատ ընկերներ են: Ոչ, ոչ, ավելի հավատարիմ, ավելի ուրախալի հասարակություն դժվար է գտնել: Լինել միշտ բարձր խելքերի, հանճարների, հոգեբան-փիլիսոփաների, սրամիտ սրտագետների ընտիր ընկերության մեջ, մի՞թե այդ երջանկություն չէ: Իսկ Արսենը չի կարող բավականանալ այդ հասարակությունով: Նա Մսերյան չէ և չպիտի լինի: Նա գործի մարդ է, ծնված է մի տգետ ժողովրդի խավար միտքը լուսավորելու, ծնված է կռվելու, հաղթելու և հաղթվելու համար: Թող գնա յուր ընտրած ճանապարհով, տեսնո՞ւմ է որքան արձագանք է գտնում յուր խոսքը մարդկանց սրտում:
— Օ՛ն առաջ, քաշ եղիր, — ավարտեց Մսերյանը ուրախ առնով, — դու մտքի զինվոր ես, ես գրքերի կենդանի պահարան:
Թեյ խմելուց հետո նրանք դուրս եկան զբոսնելու: Մսերյանը տեղեկությոմեներ հաղորդեց ընկերների մասին: Բժիշկ Սալամբեկյանը մելամաղձոտ դեմքով ման է գալիս, միշտ կրկնելով, թե աշխարհը դատարկ բան է: Վեքիլյանը և Բարաթյանը մտադիր են քաղաքային Դումայի առաջին ընտրություններին իրանց քվետուփը դնել և այժմվանից ձայներ են գրավում: Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովը նրանց համար աշխատում է:
— Եվ կընտրվեն, կտեսնվես, այդ մարդկանց ամեն բան հաջողվում է:
Հանկարծ Մսերյանը, ճակատին խփելով, գոչեց.
— Այ հիմար հիշողությո՛ւն:
— Ի՞նչ կա:
— Ամեձագլխավորը մոռացա ասել: Քեզ ուզում են Ներսեսյան դպրոցի տեսուչ նշանակել:
— Ի՞նձ:
— Այո՜, քեզ:
— Այդ անհավատալի է:
— Իսկ ես մեր լրագրերի լեզվով կասեմ «ստույգ աղբյուրներից տեղեկացանք», որ...
— Որ հոգաբարձությունը Արսեն Դիմաքսյանին ատելով ատում է:
— Սխալվում ես, քո գնալուց հետո քամին ուրիշ կողմից է փչում:
Նա պատմեց, թե դպրոցի շինության խնդիրը կռվածաղիկ է դարձել: Ավելի առաջադեմները պահանջում են, որ դպրոցը փոխվի մի ուրիշ տուն, իսկ հնամոլները վախենում են ավելորդ ծախսերից: Կռիվը այստեղից է սկսվել, բայց նա ուրիշ պատճառներ ունի: Մի առևտրական-հոգաբարձի մուրհակը չեն զեղչել բանկում, նա թշնամացել է բանկիր հոգաբարձվի հետ: Մի փաստաբան-հոգաբարձու դատարանում պաշտպանում է մի կալվածատեր-հոգաբարձվի հակառակորդին, նրանք թշնամացել են:
Դպրոցը դարձել է հասարակական բաղնիք, մարդիկ իրանց կեղտոտ շորերը այնտեղ են լվանում: Բանից դուրս է գալիս, որ այդ տեսուչ Համքարյանը եզվիտ է: Դպրոցի շինության խնդիրը ինքը չի զարթեցրել, աշխատում է գործը քանդել: Նրա դեմ կազմվել է մի կուսակցություն, որ ուզում է հեռացնել նրան դպրոցից:
— Շատ ուրախ եմ. նա ի՞նչ մանկավարժ է, որ վաշխառությունով է պարապվում:
— Համքարյա՞նը, մի՞թե, — հարցրեց Դիմաքսյանը զարմացած:
— Այո, դու չդիտեի՞ր, երևակայիր, քսանուհինգ հազար ռուբլի դրամագլուխ ունի, տասնուհինգ տոկոսով տալիս է սրան ու նրան, նույնիսկ ուսուցիչներին: Այս էլ ստույգ աղբյուրներից տեղեկացանք:
Երկու օր անցած Դիմաքսյանը հրավիրվեց այն հոգաբարձվի մոտ, որ սկզբում աշխատել էր նրա համար դպրոցում տեղ բանալ: Նա հայտնեց հոգաբարձության նախընթաց երեկո կայացրած վճիռը և ավելացրեց, թե իսկապես ինքն է Համքարյանին «վռնդելու» սկզբնապատճառը:
— Եղբայր, քանի տարի էր չէինք կարողանում այդ մարդուց ազատվել: Սյուլյուկի պես կպել էր դպրոցին ու ծծում էր, էլ ինչ ախտ ասես մտցրել է այնտեղ, ինչ ինտրիգներ ասես, հնարում էր: ճշմարիտն ասեմ, եթե մենք մի քիչ ձեզ հետ վատ էինք, պատճառը նա էր, հազար ու մի տեսակ բաներ էր պատմում: Ինչևէ, հուսով եմ, որ մենք համերաշխ կգործենք, այնպես չէ՞:
— Կաշխատեմ միշտ դպրոցի շահերին ծառայել:
Նա մի պայման միայն դրեց, որ հոգաբարձությունը երբեք չխառնվի դպրոցի բարոյական և ուսումնական գործերի մեջ:
— Արեք ինչ որ կամենում եք, բայց զգույշ, որ շատ էլ չգրգռեք մեր հակառակորդներին:
Ամբողջ օգոստոս ամիսը Դիմաքսյանը տենդային գործունեության մեջ էր: Ամեն օր գնում էր դպրոց, չնայելով, որ այնտեղ դեռ գործ չուներ: Նա դիտում էր բակը, սենյակները, խոհանոցը, հարցուփորձ էր անում գիշերօթիկների դրության մասին, քննում էր նրանց կերակուրները և այլն:
Նա լսեց գանգատներ վերակացուների դեմ: Նա տեսավ, որ կերակուրները վատ են պատրաստվում, սննդարար չեն: Գիշերօթիկները թույլ են, հիվանդոտ, դեղնած, ամենքի մեջ նկատվում է արյան սակավություն:
Այս բոլորը տեսնելով, նա կազմեց արտաքին փոփոխությունների ցուցակ, որ պետք է շուտով ներկայացներ հոգաբարձությանը:
Հասավ սեպտեմբերը: Դասերը սկսվեցին: Ուսուցչական խումբը նրան շնորհավորեց: Ոմանց կողմից նա տեսավ անկեղծ ուրախություն: Իսկ շատերի սիրալիր խոսքերի և բարեկամական ցույցերի տակ նկատեց չկամություն: Նա գիտեր, որ այլ կերպ չէր կարող լինել: Ամենքին սիրալիր լինել, կնշանակե ամենքի քիմքին հաճոյանալ: Նրա անշեղ բնավորությունը չէր սիրում երկդիմի վարմունք: Նա չգիտեր, արտաքուստ ժպտալ, ներքուստ հայհոյել: Ահա ինչու չէր կարողանում մոռանալ Վեքիլյանի, այդ կարծեցյալ բարեկամի, թշնամական վարմունքը: Ահա ինչու քանի գնում, այնքան նրա սրտում ատելություն էր ավելանում դեպի Բարաթյանը: Այդ մարդը նրան դեռ բացարձակ թշնամություն չէր անում, բայց թե բարեկամ չէր — այդ էլ պարզ էր նրա համար:
Մի քանի անգամ Դիմաքսյանը պատահեց փողոցում թե՜ մեկին և թե՜ մյուսին: Վեքիլյանի հետ նա չէր խոսում, դադարել էր մինչև անգամ նրան բարևելուց: Իսկ Բարաթյանը մոտեցավ նրան, ձեռը սեղմեց և շնորհավորեց, գոչելով.
— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ:
— Շնորհակալ եմ: Իսկ դու, ասում են, մտադիր ես քաղաքային իրավասու ընտրվել:
— Ե՞ս: Ոչ, բարեկամ, ժամանակ չունեմ: Ես զբաղված եմ ամուսնությանս հոգսերով, չէ որ սեպտեմբերին պսակվում եմ Գայանեի հետ:
Եվ միթե Դիմաքսյանը մոռացե՞լ էր չարաբաստիկ հանգամանքը և միթե նա չէր զգում, որ յուր առջև կանգնած է այն մարդը, որ անհուն վիշտ էր պատճառել նրան թե կամա, թե՜ ակամա: Ինչո՞ւ ուրեմն Բարաթյանը կրկին մատ է խփում նրա սրտի խոցին: Այո , անշուշտ նրա համար, որ զգալ տա նրան յուր գերազանցությունը, յուր տարած հաղթությունը:
— Հուսով եմ, որ հարսանիքիս հրավերը ստանալով, կբարեհաճես ներկայանալ ինչպես ընկեր-բարեկամ:
Այդ արդեն չափազանցություն էր: Դիմաքսյանը ապշած նայեց նրա երեսին: Նա ոչինչ չասաց, և ի՞նչ կարող էր ասել: Օձը արդեն զարթել էր և պաշարած թույնը տարածում էր նրա ամբողջ մարմնի մեջ:
Առանց մի բառ արտասանելու, առանց մինչև անգամ ձեռ տալու, նա գունատված երեսը շուռ տվեց և հեռացավ:
Բարաթյանը չարախնդությամբ նայեց նրա հետևից և մտքում ասաց. «Դու ինձ պատերազմ ես հայտնում, լավ, տեսնենք ով կտանի հաղթությունը»:
Եվ թույլ շվացնելով, հանդարտ ու հպարտ շարունակեց յուր ճանապարհը:
XV
Պսակադրության պայմանավորված ժամանակը մոտենում էր, Բարաթյանի անհանգստությունը ավելանում: Օժիտի խնդիրը դեռ չէր պարզվել: Իսկ Պյոտր Սոլոմոնիչը հանգստանում էր սեփական ամառանոցում: Օրվա մեծ մասը նա, մի երկար ճյուղավոր փայտ ձեռին, զբոսնում էր յուր բնակարանի առջև ձգված հասարակական պարտեզում: Նա դրանից ձևացնում էր քաղաքական գործերից հոգնած մր եվրոպական բուրժուա, որ նոր ուժ է ժողովում հայրենիքիս նոր ծառայություններ անելու:
Հարսանիքի հոգսերը նա լիովին ձգել էր յուր կնոջ և քրոջ աղջկա վրա: Շաբաթը մի անգամ տիկինը և օրիորդը գալիս էին քաղաք հագուստներ պատվիրելու:
Բարաթյանը գիտեր նրանց գալու ժամանակը: Որոշյալ ժամին նա միշտ երկաթուղու կայարանումն էր լինում նրանց դիմավորելու համար: Գայանեն ուզում էր ամեն բան նրա ճաշակով գնել և կարել տալ. ուստի ուր գնում, էր, նրան էլ հետը տանում էր: Հարսանիքի պատրաստությունները օրիորդին կլանել էին լիովին: Ամբողջ օրը նա չափում էր, կտրում, փորձում և անհամբեր սպասում երջանիկ օրին: Եվ նա ժամանակ չուներ քննելու, թե ինչու տիկին Բախտամյանը այնքան հաշտ է յուր հետ, որ, կարծես, նախկին նախանձի նշույլն անգամ չէր մնացել:
Մի օր Բարաթյանը, վերջապես, վճռեց կողմնակի կերպով խոսք բաց անել Գայանեի հետ օժիտի մասին: Օրիորդը այնքան համոզված էր նրա սիրույն, որ ինքը առայժմ ավեըորդ էր համարում փողի մասին խոսելը: Արժե՞ր միթե սիրո բանաստեղծական հրապույրը համեմել նյութականով և փոխադարձ զգացման երկնային հմայքը պրոզա դարձնել: Փոխադարձ, այո , որովհետև Բարաթյանն էլ սիրում էր նրան և սիրում էր անկեղծ: Միայն նրա զգացումը այնքան կուրացուցիչ չէր, որ միանգամայն մոռացնել տար ապագայի խնդիրը: Չէ՞ որ կանցնի բանաստեղծականը, և կյանքի իրականությունը մի օր կմերկանա ապագա ամուսնինների առջև յուր բոլոր անողոք պահանջներով:
— Ուրեմն դու և Օվսաննան ունեք տարեկան հինգ հազար ռուբլի եկամուտ, — կնշանակե քո մասը տարեկան եթկու հազար հինգ հարյո՞ւր է:
— Այո , ի՞նչ կա, ինչո՞ւ լռեցիր:
— Պյոտր Սոլոմոնիչը ասում էր, թե քո ծնողները ոչինչ չեն թողել:
— Ինչպե՞ս, դու ուրեմն նրա հետ խոսե՞լ ես այդ մասին:
— Ես չէի հետաքրքրվում, նա ինքը ասաց հենց այն օրը, երբ ես գնացել էի ձեռքդ խնդրելու:
— Նա չէր կարող այդպես ասել, այդ անկարելի է:
— Հավատացնում եմ, որ ասաց:
Գայանեն լռեց: Այդ լուրը նրա համար զգալի և տխուր լուր էր, բայց ավելի անտանելի էր, որ Բարաթյանը խոսում էր օժիտի մասին:
— Լա՜վ, — ասաց նա, — ես նրանից բացատրություն կխնդրեմ:
— Այո՜, սիրելիս, խնդրիր: Դու ուրիշ բան չկարծես, ես փողասեր չեմ, բայց եթե կա, ինչո՞ւ ուրիշների մոտ մնա, այնպես չէ :
— Իհարկե...
— Վերջապես, տարեկան երկու ու կես հազարը մեզ համար մեծ բան է, դու կարող ես շիկով ապրել:
— Ինձ շիկ հարկավոր չէ, բավական է, որ դու ինձ միշտ սիրես:
— Ախ սիրելիս, իհարկե, պետք է միշտ սիրեմ, բայց Պյոտր Սոլոմոնիչի հետ խոսիր: Իմ սերը դեպի քեզ անհուն է, միթե դու չգիտե՞ս: Այո , շուտով խոսիր, հենց այսօր կամ վաղը: Մյուս անգամ գալիս ինձ համար դրական պատասխան բեր: Միայն իմ անունը չհիշես, այսինքն չասես, թե ես եմ քեզ սովորեցրել կամ ինձ հետ այդ մասին խոսել ես: Ախ սիրելիս, երբ պետք է հասնի երջանիկ օրը...
Երկու շաբաթ էր մնում հարսանիքին, երբ Գայանեն վերջապես, հարմար Ժամանակ գտավ յուր քեռիի հետ խոսելու: Պյոտր Սոլոմոնիչը սկզբում անորոշ պատասխաններ էր տալիս: Բայց երբ տեսավ օրիորդի թախանձանքը, հարցրեց.
— Փեսացո՞ւդ է սովորեցնել այդպես համարձակ խոսել:
— Նա օժիտի մասին մի խոսք անգամ չէ ասել, նա ինձ այնքա՛ն սիրում է:
— Սիրո՞ւմ է:
— Ինչ եք ուզում ասել, քեռի:
— Ուզում եմ հաստատ իմանալ, նա քեզ սիրո՞ւմ է:
— Այո , շատ:
— Այնքան, որ եթե դու աղքատ լինես, էլի քեզանից չի՞ հրաժարվիլ:
Պյոտր Սոլոմոնիչը մի զննողական հայացք ձգեց նրա վրա: Հետո բացատրեց, թե Գայանեն աղքատ չէ, նրա հորից մնացել են մի շարք խանութներ: Բայց նա փորձում էր թե Բարաթյանին և թե Գայանեին: Իսկ այժմ թող Գայանեին հայտնի լինի, որ նա ունե տարեկան 3150 ռուբլի զուտ եկամուտ: Երբ որ ուզենա կարող է կալվածները յուր անունով հաստատել տալ: Եվ Պյոտր Սոլոմոնիչը Գայանեին խորհուրդ էր տալիս յուր անունով հաստատել և ոչ ամուսնու:
— Այդ միևնույնն է, քեռի, — ասաց օրիորդը, սիրտը շնորհակալության զգացումներով լի դեպի ազնիվ ազգականը:
— Իհարկե, միևնույնն է, բայց դու լսիր փորձված քեռուդ խորհուրդը: Բացի դրանից, բանկում ունես յոթ հազար ռուբլի զուտ փող, այդ էլ կարող ես հենց այսօր ստանալ: Հայրդ մի քանի պարտքեր էր թողել, բոլորը վճարած են քո եկամտից, այդ յոթ հազարը մնացորդն է:
— Մի՞թե, ես այդ չգիտեի, — գոչեց Գայանեն ոգևորված:
— Ունիս, ունիս, որդի, ես զրկող ազգականներից չեմ. փառք աստուծո, ինքս այնքան ունեմ, որ որդոց որդի հերիք է իմ երեխաներին:
Հենց մյուս օրը Գայանեն շտապեց քաղաք և ուրախալի լուրը հաղորդեց Բարաթյանին:
— Երևակայիր, քեռին քեզ և ինձ փորձելու համար էր թաքցրել իմ ունեցածի մասին, — գոչեց նա զվարթ ձայնով և պատմեց Պյոտր Սոլոմոնիչի ասածը:
Բարաթյանը մի փոքր շփոթվեց, ամաչելով յուր վարմունքից: Նա զգաց յուր փոքրոգությունը և շտապեց մի կերպ սխալը ուղղել:
— Իսկ դու էլ երևակայիր, որ ես էլ քեզ էի փորձում: Օժիտի մասին խոսելով կամենում էի իմանալ, արդյոք կարծիքդ կփոխես իմ մասհն: Այժմ տեսնում եմ, որ դու հավատում ես իմ անկեղծ սիրույն, ուրեմն երջանիկ ենք...
Տասը օր անցած կատարվեց հարսանիքը, մի փառավոր հարսանիք Պյոտր Սոլոմոնիչի շնորհիվ: Հրավիրված էին թեմական առաջնորդը, նահանգապետը, գեներալներ, հյուպատոսներ, քաղաքագլուխը բոլոր առաջնակարգ իրավասուների հետ: Վերջապես, երևան եկավ այդ Ամրակում Աֆանասեվիչ կոչված իրավասուն, որի ասածներից Պյոտր Սոլոմոնիչը միշտ ցիտատներ էր բերում: Դա տեղական հայտնի տուզտերից մեկն էր, հայտնի, բացի յուր դիրքից, երեք արշին շրջապատ ունեցող փորձով և ձմերուկի չափ երեսով: Բարաթյանը յուր կողմից հրավիրել էր ընկերներից միայն մի քանիսին: Անգործ Մսերյանը մոռացվել էր: Խաչեղբայրը Վեքիլյանն էր:
Դիմաքսյանը հրավիրատոմսը պատռեց և ձգեց մի կողմ: Այդ հրավերը նա համարում էր մի նոր ծաղր և վիրավորանք Բարաթյանի կողմից: Նոր պաշտոնը նրան գրավել էր բոլորովին: Օգոստոսի րնթացքում ցուցակագրած թերությունները նա ասպարեզ էր հանել: Կողմնակից հոգաբարձուները, հակառակ դիմադրող կուսակցության, վճռեցին կատարել նրա պահանջները: Իսկ ինտրիգները շարունակվում էին, մանավանդ ուսուցիչների մեջ: Գերմանական մանկավարժ Ինյաթյանը, այդ դեղնագույն աչքերով և սառն դեմքով երիտասարդը վիրավորվել էր, որ տեսչական պաշտոնը իրան չէին հանձնել: Օգնության կանչելով յուր մանկավարժական պաշարը, նա կատաղի կերպով բողոքում էր Դիմաքսյանի դեմ: Նրա կարծիքով, նոր տեսուչը ոչինչ և ոչինչ չէր հասկանում, որովհետև մանկավարժության մեջ մասնագետ չէր: Հանուն Հերբերտ-Ցիլլեր-Պեստալոցիի ուրվականների նա պարզել էր յուր դրոշակը մի լրագրում և անստորագիր հոդվածներով հարվածում էր Դիմաքսյանի սիստեմը: Իսկ Դիմաքսյանը ընդունում էր այդ հարվածները: Ծծում էր նրանց թույնը յուր սրտի մեջ և հաճախ յուր մենության մեջ վրդովվում, որովհետև նրա ուղղությունը բացատրվում էր սխալ, վայրիվերո, անբարեխիղճ կերպով: Հարկավ, նա բոլորին պատասխանում էր: Բայց երբեմն հակառակորդները այնպիսի վտանգավոր ակնարկություններ էին անում, որոնց դեմ նա դժվարանում էր պատասխանել: Դա վերաբերվում էր նրա քաղաքական հայացքներին...
Մի առավոտ նա, սովորության համեմատ, կանուխ զարթնելով, կամեցավ պարապվել մինչև դպրոց գնալը: Բայց զգաց մի թեթև տկարություն և թույլ գլխացավ: Նա չկարողացավ պարապվել: Առհասարակ վերջին օրերը առողջ չէր զգում իրան, բայց ուշադրություն չէր դարձնում: Նա հագուստով պառկեց անկողին հանգստանալու, թեև նոր էր վեր կացել:
Սիրականը սամովարի և կոշիկների հետ ներս բերեց այն օրվա լրագիրները: Այժմ հակառակորդները Դիմաքսյանի դեմ գրում էին գրեթե ամեն օր:
Այս անգամ նրա աչքին ընկավ մի ֆելիետոն: Նա սկսեց կարդալ: Դեռ մինչև այժմ նա յուր մասին չէր հանդիպել մի այդպիսի կծու, ծաղրական գրվածի: Ֆելիետոնի վերնագիրն էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»: Երգիծական ոճով պատկերացրած էր մի «հերոս», սնափառության զգացումներով լի: Կերպարանքը նկարագրված էր ճիշտ այնպես, ինչպես Դիմաքսյանն էր, ֆոտոգրաֆիական բոլոր մանրամասներտվ: Որքան ծաղր և հեգնություն կար այդ նկարագրի մեջ, որքան օձային սողոսկումներ դեպի «հերոսի» հոգեկան աշխարհը: «Ոզնին» մտնում է դպրոց, «ոզնին» մտնում է ընտանիքների, հասարակական բոլոր հիմնարկությունների, բոլոր խավերի մեջ: Ամեն տեղ նա ոգևորված նոր մտքեր է քարոզում: «Մկները դուրս են գալիս բներից ականջները և իրանց պոչերը շարժում են նրա առջև»: Մի օր «ոզնին ֆրակ է հագնում, սպիտակ փողկապ կապում, գնում է՝ մի գեղեցիկ և հարուստ օրիորդի ձեռը խնդրելու: Նա արտասուքը աչքերին թավալվում է բազկաթոռից օրիորդի ոտների տակ, անշնորհ կերպով յուր փշերով ծակոտում է ձեռները, նրա հորեղբայրը գալիս է և կոշկի ծայրով «ոզնիին» դուրս շպրտում:
«Կանայք և օրիորդներ, ծերեր և երիտասարդներ, զգույշ կացեք ոզնիից, նա ձեր մեջ է պտտում»:
Նա շպրտեց լրագիրը մի կողմ և ոտքի կանգնեց:
Նա կամեցավ ծիծաղել, արհամարհել, բայց օձը կատաղել էր: Ոչ, թող Մսերյանը անտարբեր մնա յուր փիլիսոփայական հայացքների մեջ, իսկ նա չի կարող սառնարյուն կրել այդ ստոր հարվածները: Ի՞նչ պատասխանել, հարվածը որ կողմից ուղվել, որ խոցոտի, վիրավորի, թավալագլոր անե հակառակորդին:
«Հալածել մարդուն նրա համար, որ նա հանդգնում է յուր գլուխը ձեր ստոր մակերևույթից բարձրացնե՞լ, հալածել նրան տմարդի զենքո՞վ: Այդպես, ուրեմն, դուք ինքներդ ձեր ձեռքով հանում եք այն խցանը, որ հազիվ զսպում էր իմ մեջ կուտված թույնը: Աա , սպասեցեք և կտեսնեք որքան խորը կցցվեն ոզնիի ասեղները հասարակության խոցերի մեջ, որ նրանց միջից դուրս հանեն վարակիչ թարախը»: Նա արագ-արագ անցուդարձ էր անում սենյակում: Նրա երեսին գույն չկար, նա դողում էր ամբողջ մարմնով: Նա փորձեց հարվածին պատասխանել իսկույն, սակայն ձեռը չհնազանդվեց կամքին: Նա շտապով դուրս եկավ տնից: Նա ցանկանում էր հանդիպել մեկին, բերանացի արտահայտել սրտի մաղձը: Նա քայլերն ուղղեց դեպի Մսերյանի բնակարանը: Առավոտյան դեռ ութ ժամն էր: Փողոցներով անցնում էին միայն խոհարարներ, բանվորներ և սայլեր: Երկինքը ամպամած էր, գիշերը մինչև լույս անձրևել էր: Թեթև աշնանային քամին թոթափում էր ծառերի դեղնած տերևները և դարդարում ցեխոտ մայթերը:
Նա այնքան հուզված դուրս եկավ տնից, որ մոռացավ վերարկուն և կալոշները հագնել: Նա զգաց ոտների վրա խոնավության ազդեցությունը: Բայց չկամեցավ տուն վերադառնալ: Նա կառք փնտրեց, չգտավ: Այնինչ Մսերյանը ապրում էր Քուռ գետի մյուս ափում, մի խուլ փողոցի անկյունում:
Դիմաքսյանը անցնում էր կամրջով: Հանկարծ հեռվից նա տեսավ մի կառք, ապա երկրորդը, երրորդը և մի շարք միմյանց հետևից, որ դուրս էին գալիս փողոցի ծայրից: Նա կանգ առավ: Երևի, կառքերից մեկը դատարկ կլինի, պետք է սպասեր Մի րոպեում առաջին կառքը հավասարվեց նրան: Դա մի ծածկած կարեթ էր: Երկու սպիտակ նժույգներ ամպի արագությամբ թռցնում էին նրան առաջ: Մի վայրկյան Դիմաքսյանի աչքերը փակ լուսամտով թափանցեցին կառքի ներսը: Մի թարմ, առույգ և ուրախ երիտասարդ ժպտաց, գլուխը շարժելով: ժպտաց և մի կանացի վառվռուն և երջանիկ դեմք: Նրա կապտագույն աչքերը պսպղացին սև ու երկար թերթերունքների միջից:
Կասկած չկար, որ նրանք էին:
Զույգի հետևից երևեցան Վեքիլյանը տիկին Բախտամյանի հետ, Պյոտր Սոլոմոնիչը Օվսաննայի հետ և մի շարք ծանոթ ու անծանոթ մարդիկ ու կանայք, զույգ-զույգ նստած առանձին-առանձին կառքերում:
Նա կանգնած էր և նայում էր լուռ, սակայն շատ բան արտահայտող, երջանիկ հանդիսի հետևից: Կամրջի ծայրում կարեթը ծռվեց դեպի ձախ: Նա սլանում էր դեպի երկաթուղու կայարանը: Երջանիկ զույգը գնում էր ճանապարհորդելու: Նա ամբողջ մարմնի մեջ զգաց մի տարօրինակ սառնություն: Կարծես, արյունը նրա երակների մեջ դադարեց վազելուց: Անցավ, ուրեմն, նրա աչքի առջև այն երանությունը, որին նա հանդգնել էր մի ժամանակ յուր համար երազել: Գնա՜ց հակառակորդը յուր հաղթության պտուղը վայելելու: Իսկ նա ընկճված, ոչնչացած, հրապարակական ծաղրի ենթարկված, կանգնել է՝ և նայում չքացող բախտի հետևից:
Նա ձեռը հենեց կամրջի լապտերի թուջյա սյունին և անզգայաբար ցած նայեց: Այնտեղ, հսկայական կամարների տակ մռնչալով անցնում էր պղտոր, հորդացած, դեղնագույն գետը: Մի վայրկյան նրա աչքերը մթագնեցին, գլուխը պտտեց, ծանրացավ: Թվաց նրան, որ մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի ցած: Դա ընթացող ջրի ձգողական ուժն էր: Նրա մարմնով անցավ մի սուր սարսուռ: Նա երեսը հետ դարձրեց և վերադարձավ տուն:
Սիրականը, պատշգամբի վրա նստած, լսելի ձայնով կարդում էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»: Նրա շիլ աչքերի մեջ նշմարվում էր զվարճության փայլը, երևի, նա գրվածը շատ էր հավանել:
— Ներս եկ, — հրամայեց Դիմաքսյանը խեղդված ձայնով:
Նա գրեց երկու նամակ և տվեց ծառային, ասելով.
— Տար այս մեկր դպրոց, իսկ մյուսը՝ Մսերյանին:
XVI
Բժիշկ Սալամբեկյանը հիվանդանոցից նոր էր վերադարձել և մեջքի վրա պառկած նայում էր առաստաղին:
«Արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, մտածում էր նա, մի որևէ վանքում նստած Սաղմոս կարդայի մարդկանց մեղքերի թողության համար, քան թե նրանց բժշկեի մարմնավոր ցավերից»:
Ասում էին և ինքն էլ տեսնում էր, որ բժիշկները առհասարակ ճարպիկ մարդիկ են, դեսուդեն են վազում, միմյանցից հիվանդներ խլում կամ առողջներին հիվանդացնում: Իսկ ինքը ի՞նչ է անտւմ: Ամսական ստանում է հիսուն -վաթսուն ռուբլի և, կարծես, արդեն հասել է բախտի զենիթին:
Следующая страница |